Հինգշաբթի, 25.04.2024, 08:57
Բարի գալուստ Гость | RSS
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒՆ
Բաժիններ

Կենսագրական [2]
Լ.Բլբուլյանի գրքերը [1]
Լ.Բլբուլյանի տեսա/ձայնասկավառակները [0]
Լ.Բլբուլյանի մասին [0]
Главная » 2011 » Հոկտեմբեր » 3 » Իբրև սկիզբ...
15:09
Իբրև սկիզբ...


Մանկություն, պատանեկություն

- Դպրոցական տարիներին արդեն տարված էի գրականությամբ, 3-4-րդ դասարանից սկսած շատ ընթերցասեր էի, կարելի է ասել` մոլի ընթերցասեր, ագահաբար կլանում էի ձեռքս ընկած յուրաքանչյուր գիրք (դեպքեր են եղել, երբ նախորդ օրը սկսել ու ամբողջ գիշեր կարդալով` առավոտյան արդեն ավարտել եմ որևէ ծավալուն գիրք): Եվ, ահա, կարդացածս այդ գրքերի ազդեցության տակ էլ սկսեցի ստեղծագործական փորձեր անել: Քանի որ կարդում էի միայն վեպեր ու պատմվածքներ (այդ ժամանակ պոեզիայի աշխարհն ինձ համար դեռևս փակ էր), բնականաբար, ինձ փորձում էի արձակի մեջ: Նույնիսկ համարձակվել էի վեպ սկսել: Շատ տարիներ անց, երբ այդ ձեռագիրը ձեռքս ընկավ, կարդացի ու մի լավ ծիծաղեցի. ոչ մի կապ չուներ ոչ վեպի, ոչ պատմվածքի հետ: Բայց վստահ կարող եմ ասել, որ դպրոցական գրեթե բոլոր շարադրություններս արժանանում էին գրականության իմ սիրելի ուսուցչուհու` Ելենա Մաթևոսյանի գովեստին, նույնիսկ կարդում էր ողջ դասարանի համար…

Արդեն ինստիտուտում էի, երբ տպագրվեցին առաջին բանաստեղծություններս` նախ մեր շրջանային «Լենինյան դրոշով» թերթում, ապա նաև հանրապետական մամուլում` «Ավանգարդ» թերթում ու «Գարուն» ամսագրում, որոնք հսկայական տպաքանակ ու  շատ բարձր հեղինակություն ունեին այն ժամանակ:

Բնավորությամբ

- Ռոմանտիկ էի, երազող, շուտ սիրահարվող… Ուժեղ էի ու ամրակազմ, զբաղվում էի սպորտով և նույնիսկ մարմնամարզության գծով Հայաստանի չեմպիոն եմ դարձել միջշրջանային մրցումներում… Էն գլխից արվեստասեր էի, գրեթե հավասարապես սիրում էի կինոն, թատրոնը, երաժշտությունը, ձայնապնակներ էի հավաքում, սիրված արտիստների լուսանկարները… Բայց առաջին տեղում, իհարկե, գրականությունն էր: Մի խոսքով, կարծես թե այնքան էլ վատ երիտասարդ չէի, հիմա երբ հետադարձ հայացքով նայում եմ, ինձ դուր եմ գալիս: Կարծում եմ, մի քիչ ինքնավստահությունն էր ինձ պակասում ու մի քիչ էլ խռովկան էի, նեղացկոտ…

Առաջին քայլեր. մամուլ, ռադիո

Գրականությանը զուգահեռ տարվել էի նաև ժուռնալիստիկայով, հասցրել էի ինչ-որ չափով ինձ «ցույց տալ» արդեն և… հայտնվեցի շրջանային «Լենինյան դրոշով» թերթի խմբագրությունում: Միշտ երախտագիտությամբ եմ հիշում թերթի այն ժամանակվա խմբագիր, երջանկահիշատակ Հայկ Սարգսյանին, ով  ոչ միայն տպագրեց իմ առաջին բանաստեղծություններն ու թղթակցությունները, այլև   ընդունեց աշխատանքի ու առիթը բաց չէր թողնում գովելու ու խրախուսելու: Ու այդպես էլ գնաց. 21 տարեկանում ես արդեն Հանրապետական ռադիոյի Սևանի ավազանի սեփական թղթակիցն էի, հետո տեղափոխվեցի Երևան. խմբագիր էի ռադիոյի երիտասարդական հաղորդումների գլխավոր խմբագրությունում, ապա տեղափոխվե ցի  այն ժամանակ շատ հեղինակավոր «Ավանգարդ» թերթի խմբագրություն ու շուրջ տասը տարի վարում էի գրականության ու արվեստի բաժինը… Հետո ճանապարհը տարավ Մոսկվա` Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացներ, որտեղ և լրացրի իմ մասնագիտական բացը, կարողություններս փորձեցի նաև թարգմանության մեջ, մասնավորապես, թարգմանելով Վլադիմիր Վիսոցկու բանաստեղծություններն ու երգերը, որ տպագրվեցին առանձին գրքով:

Այսօր...

Այսօր, այսպես ասած, խաղաղվել եմ, կարողանում եմ փիլիսոփայորեն վերաբերվել երևույթներին: Գիտեմ, հասկացել-ընդունել եմ, որ կյանքը տոն չէ միայն, ոչ էլ աշխարհն ու մարդիկ` կատարյալ: Եվ, ուրեմն, անիմաստ է տեղի-անտեղի   «վաշ-վիշ» անելը կամ հայհոյելը: Քեզանից առաջ ապրել են, չէ՞, այս անկատար աշխարհում ու կարող ացել են ստեղծել, արարել, ամենքն իր չափով գեղեցկացնել այն, ինչ-որ հետք թողնել իրենցից հետո… Դու էլ քո'նն արա, թե կարող ես (ոչ ոք աննպատակ չի գալիս այս աշխարհ) իրացրու քեզ տրված հնարավորությունները, քո չափով ավելացրու գեղեցիկն ու բարին և…  «Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվա էս ճամփեն»: Մեկ էլ այսօր ես ինձ թույլ եմ տալիս փոքր ինչ հակառակվել Դոստոևսկուն. իմ կարծիքով ո'չ թե գեղեցկությունը, այլ բարությունը կփրկի աշխարհը: Կամ գուցե` երկուսը միասի'ն:

Գրողի հանդեպ պետության, հասարակության վերաբերմունքի մասին

Վստահաբար մի բան կարող եմ ասել. վերջին շուրջ 20 տարիներին  մեզանում գրականությունը, մշակույթն առհասարակ, ինչպես հարկն է չեն քարոզվում, չեն ներկայացվում, և հասարակության վերաբերմունքը պարզապես այլ կերպ լինել չեր կարող, քան հիմա է. անտարբեր, անհաղորդ կամ  ընդամենը գրողի, արվեստագետի անձի շուրջ պտտվող ասեկոսեների մակարդակում…

Ինձ պարզապես զարմացնում է մամուլի, ռադիոյի ու հեռուստատեսության բռնած դիրքը մշակույթիի հանդեպ: Ու դեռ սիրում ենք կրկնել, թե մշակութային ազգ ենք: Չեմ կարող կոնկրետ գրականությանն առնչվող ամենախոսուն մի օրինակ չբերել: Եղավ մի շրջան, երբ  գրեթե բոլոր թերթերը, մի շարք հեռուստաալիքներ ամիսներ շարունակ իրենց էջերն ու եթերաժամանակը չէին խնայում Գրողների միությանում տիրող իբր ծայրահեղ լարված վիճակը «լուսաբանելու» համար` չափազանցնելով, ուռճացնելով  յուրաքանչյուր կոլեկտիվի համար պարզապես անխուսափելի փոքրիկ հակամարտությունը (դե, այսօրվա մամուլին սկանդալներ միշտ էլ պետք են): Բայց այդ ընթացքում, ասենք, քանի՞ ուշագրավ նոր գրքի անդրադարձան, ո՞ր արժանավոր գրողին փորձեցին ներկայացնել ընթերցողին ու հեռուստադիտողին…

Միանգամայն նույն վերաբերմունքն է նաև մյուս ոլորտների հանդեպ: Սկանդա՞լ, բամբասա՞նք, որևէ արվեստագետի անձնական կյանքի մանրամասները հասարակական քննարկման դնելու առի՞թ` խնդրեմ: Իսկ ստեղծագործական  նորույթների ու խնդիրների հետ գործ չունեն, կամ լավագույն դեպքում փոքրիկ մի ինֆորմացիայի կարող են արժանացնել…Սա է իրականությունը` դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով:

Ժամանակակից գրականության մասին

Մարդկանց մեծ մասը, ովքեր հաճախ բարձրաձայնում են, թե  չունենք ժամանակակից լավ գրողներ և նրանց ստեղծագործությունները  արժեք  չեն  ներկայացնում, ամենայն հավանականությամբ  ժամանակակից գրողներից գոնե մեկ-երկու գիրք չեն կարդացել: Իրար ձայնակցելով` նույն բանը կրկնում են ու տարածում, կարծես հաճույք զգալով դրանից (կամ գուցե ըստ ինքնակոչ գրողների բազմաքանակ «գլուխգործոցների» են կարծիք կազմում): Ուրիշ բան, եթե ասեն, որ մարդկանց հետաքրքրությունը շատ է նվազել  գրականության, ընդհանրապես լուրջ, խորը արվեստի հանդեպ (հատկապես վերը նշված և այլ պատճառներով): Համաձայնեք, եթե անգամ Սևակն ու Շիրազը այսօր ասպարեզում լինեին ու, ասենք, դեռ նոր միայն ճանաչման խնդիր լիներ, նույն դառը իրականությանն էին բախվելու: Սխալ չհասկանաք, ես սա մեծ ցավով եմ ասում. նրանց այն գրքերը, որոնց համար մարդիկ ժամերով հերթ էին կանգնում կամ ծանոթով ձեռք բերում, այսօր  մնում են գրախանութներում: Եվ ոչ միայն նրանց գրքերը, հայ այլ հեղինակների, նաև թարգմանական բազմաթիվ արժեքավոր գրքեր: Այսինքն` բնավ ստեղծվող գրականության որակը չէ, որ նման վերաբերմունք է թելադրում: Մենք այսօր շատ լավ բանաստեղծներ, արձակագիրներ ունենք, որոնք պարզապես ստվերում են մնում: Անուններ շատ կարող եմ տալ, որ ընդունված ու սիրված են գրական շրջանակներում, գնահատված քննադատների կողմից, բայց, գրեթե վստահ եմ, ո  ընթերցողների մեծ մասին ոչինչ չեն ասի: Չեմ կարող այս առնչությամբ մի դեպք չպատմել: Գրական ցերեկույթի էի հրավիրված Չարենցի տուն-թանգարանում: Թե' կազմակերպիչները, թե' մասնակիցները հիմնականում երիտասարդներ էին: Եվ ահա նրանցից մեկը` սիրունատես մի աղջիկ,  մերժողական վերաբերմունք արտահայտեց ժամանակակից հայ գրականության վերաբերյալ, խոսքն ավարտելով այն եզրակացությամբ, որ իրենք ստիպված են հիմնականում ռուսական ու արտասահմա նյան գրականություն կարդալ, որովհետև հայ գրողների գործերում հետաքրքրություն չեն գտնում… Բնականաբար, վատ զգացի` և' ինձ համար, և' գրչընկերներիս, բայց փորձեցի պարզել`ու՞մ գիտի այսօրվա հայ գրողներից.
Նրանք, ովքեր պնդում են, թե չունենք ժամանակակից լավ  գրողներ և նրանց ստեղծագործություններն  արժեք  չեն  ներկայացնում, 

-Իսկ կարո՞ղ եք տալ ժամանակակից մի քանի բանաստեղծների, արձակագիրների անուններ, որոնց գործերը կարդացել եք…

-Լևոն Անանյանը…,- աղջիկը տվեց ընդամենը Գրողների միության նախագահի անունը, որը հավանաբար մամուլից, հեռուստատեսությունից իր մեջ տպավորվել էր ու կարկամեց, շփոթահար  խոնարհեց հայացքը` չկարողանալով գոնե էլի 1-2 անուն ավելացնել: Հետո, իհարկե, ինձ ևս ձայն տրվեց, խոսեցի, կարդացի իմ նոր բանաստեղծություններից: Եվ ահա միջոցառման ավարտին ժպտադեմ ինձ է մոտենում նույն այդ աղջիկը. պարզվում է բանաստեղծություններս նրան դուր են եկել, իսկ դրանցից մեկը` հատկապե’ս,  և ահա խնդրում է, որ տամ` արտագրի  ծոցատետրում… Կարծում եմ, սա այն դեպքերից է, երբ ասվում  է`  «մեկնաբանություններն ավելորդ են»:

Ես մազաչափ չեմ կասկածում, եթե պետության կողմից առաջվա մոտեցումը դրսևորվի, եթե գրողն ու գրականությունը էլի մամուլի ու հեռուստատեսության ուշադրությանն արժանանան, պատկերը կարճ ժամանակում դեպի լավը կփոխվի:  Մի թե նորմալ կարելի է համարել այն հանգամանքը, որ մեզանում հեռարձակվող տասնյակ հեռուստաալիքներից, ռադիոկայաններից և ոչ մեկում գրական  հաղորդում, պոեզիայի ժամ չկա, որ ժամանցային և այլ ծրագրերի հյուրերը գլխավորապես երգիչ-երգչուհիներն են, իսկ վերջին շրջանում`նաև սերիալային դերասանները, անկախ նրանց ստեղծագործական վաստակից ու տաղանդի չափից… Սովորաբար ասվում է, որ պետությունը իրավունք չունի խառնվելու լրատվամիջոցների գործունեությանը, բայց այստեղ առանց պետական միջամտության հազիվ թե երբևէ բան փոխվի: 

Նոր սերնդի հեղինակների մասին

- Խորհրդային ժամանակներում մի տեսակ մոդայիկ, նաև պատվաբեր էր  գրող լինելը, բացի այդ` գրականությունը նաև կայուն վաստակ էր ապահովում: Ահա ինչու շատերը, անգամ ստեղծագործական ձիրքից ակնհայտորեն զուրկ մարդիկ, ձգտում, երբեմն պարզապես որոշում էին գրող դառնալ: Մեծ էր գրամոլների բանակն այն ժամանակ: Բոլորովին այլ է պատկերն այսօր. ո’չ նախկին գնահատանքն ու ակնածալի վերաբերմունքը գոյություն ունի գրչի մարդու հանդեպ, ո’չ առաջվա հոնորարները կան: Ուստի այսօր միայն նրա’նք են զբաղվում գրականությամբ, ովքեր կոչված են դրան, ներքին մղումով են գրիչ վերցրել ու այլ կերպ չեն կարող: Ու ես, այո’, հավատում, վստահում եմ գրականության իսկական նվիրյալ այն երիտասարդներին, որ հիմա ասպարեզում կան: Շնորհալի, տաղանդավոր այդ բանաստեղծների ու արձակագիրների անվանը հաճախ կարող եք հանդիպել ՙԳրեթերթ՚ երիտասարդական թերթի, «Նարցիս» ամսագրի, «Գրական թերթի» էջերում: Ակնհայտ է թե’ գրողական նրանց ձիրքը, թարմ մտածողությունը (անշուշտ երբեմն ջահելությանը հատուկ անխուսափելի ծայրահեղություններով), թե սերն ու նվիրումը գրականությանը: Ոմանց մոտ նաև` տեսական խորը գիտելիքները: Միայն թե իմ երիտասարդ գրչընկերները առավել ևս ճանաչման, արժևորման խնդիր ունեն. մամուլի ու հեռուստատեսության անտարբերություն, ծիծաղելի տպաքանակով տպագրվող գրքեր ու գրական մամուլ, ընթերցողների չափազանց նեղ մի շրջանակ: Շատ դժվար է, ինչպե՞ս պիտի կարողանան ճանաչվել, նկատվել, ընդունվել հասարակության կողմից: Ես մի առիթով ասել եմ ու հիմա պիտի կրկնեմ. եթե մեր իրականության մեջ վաղը անգամ մի նոր Չարենց հայտնվի (գուցե և հայտնվե՞լ է), հնարավոր է, որ նրա տեղը երկար ժամանակ ոչ ոք չիմանա: Սա է դառը իրողությունը:

Լրագրության մասին

-Ես ավելի քան 40 տարվա լրագրող եմ, ընդ որում` դրա ուղիղ կեսը աշխատել եմ խորհրդային տարիներին: Այնպես որ համեմատության մեջ պիտի դիտեմ երեկվա ու այսօրվա մամուլը:

Խորհրդային մամուլը, իհարկե, գաղափարական անողոք կաշկանդումների մեջ էր: Երևի դուք դժվարությամբ հավատաք, որ ես ու իմ գործընկերները, ասենք, ռադիոյով որևէ հարցազրույց հաղորդելուց առաջ պարտավոր էինք ձայնագրության ողջ բովանդակությունը ծայրից ծայր սղագրել (որքան էլ այն ծավալուն լիներ) նախապես գրաքննիչների դատին ներկայացնելու համար: Բացի այն, որ կար  այդ «գլավլիտ» կոչվածի ամենատես աչքը, շատերիս մեջ հասկանալի պատճառներով արդեն բնակություն էր հաստատել նաև ներքին գրաքննիչը ու մենք միայն երազել կարող էինք ազատ մամուլի մասին: Այնպես կարողացեք գնահատել լրագրողի այսօրվա ձեր: Անկախությունից հետո շատ կաշկանդումներ, արգելված թեմաներ վերացան, անշուշտ, բազմակարծոթյան հնարավորություն տրվեց: Բայց չէի ասի, թե իսկապես ազատ է մեր մամուլը: Ակնհայտ է, որ ֆինանսական ու կուսակցական կախվածություն կա, նույնիսկ ժողովրդի մեջ խոսում են` այսինչի հեռուստաալիքը: Իսկ դրանք, բնականաբար, մեզ այսինչի  «ճշմարտությունն»  են ներկայացնում նախևառաջ, եթե որևէ մեկին գովաբանում են կամ փնովում` շատ դեպքերում նրա վերաբերմունքն արտահայտում հատկապես: Իմ կարծիքով այսօրվա թերթերում ու մյուս լրատվամիջոցներում քիչ են իսկապես անաչառ, սրտացավ, առանց հետին մտքի հրապարակումները: Երբեմն այնպիսի՜ մի չարախնդությամբ, հեգնանքով են (մեկ-մեկ հրճվանքի հասնող) անդրադառնում կարևոր, օրախնդիր որևէ հարցի, կարծես հեղինակին առանձնապես չի էլ հետաքրքրում դրա լուծումը, կարևորն այդ առիթով իր ինքնադրսևորումն էր… Մեր մամուլին այսօր պակասում է բարությունը (որը խորհրդային մամուլում կար անպայման), նաև չափի զգացումն ու օբյեկտիվությունը: Շատ ցանկալի է, որ դրական լիցքեր պարունակող, մարդկանց լավատեսություն ներշնչող հրապարակումները ավելանան, որքան էլ մեր կյանքն, այո, լի է հոգս ու պրոբլեմներով…  Իսկ, որ մեր մամուլից ու հեռուստատեսությունից գրեթե վտարված են գրականությունն ու արվեստը (հաճելի բացառությունները չհաշված), այդ մասին վերևում արդեն ասացի: Այնտեղ միայն շոու բիզնեսի ներկայացուցիչները  մենաշնորհ ունեն կարծես:

Խոսք երիտասարդությանը

- Երիտասարդներին մաղթում եմ ակտիվությու’ն, նպատակասլացությու’ն իրենց ցանկությունների, երազանքների իրականացման ճանապահին: Անշուշտ, մեր սերնդի համեմատ, առավել բարդ ու դժվարին ժամանակներում են ապրում նրանք, բայց և զերծ են այն կաղապարներից, սահմանափակումներից ու կաշկանդումներից, որին մենք ենթակա էինք: Դա շատ կարևոր առավելություն է: Մեր իրականության մեջ ես հանդիպում եմ երիտասարդների, ովքեր  գործունյա են, աշխատասեր, համառ ու շրջահայաց: Նրանք չեն խուսափում, չեն ընկրկում դժվարություններից, ընդհակառակը, դրանց մեջ կոփվում են, իրենց մեջ նոր հնարավորություններ ու որակներ հայտնաբերում: Եվ պատահական չէ, որ լուրջ ձեռքբերումների են հասնում իրենց ընտրած ոլորտներում: Բայց, ցավոք, քիչ չեն և այնպիսիք, ովքեր շուտ խեղճանում են, բողոքում ու տրտնջում միայն, առանց մատը մատին տալու, պատճառներ են գտնում ու հորինում իրենց անգործությունն ու անհաջողությունները արդարացնելու համար: Ես շատ կուզենայի, որ վերջիններս ոչ թե նախանձեն առաջիններին, այլ սովորեն, օրինակ վերցնեն նրանցից, չարանալու, բամբասելու փոխարեն` պարզապես մի լռին, չհայտարարված, գեղեցիկ  մրցակցութ յան մեջ մտնեն նրանց հետ: Եվ հաջողությունը շատ չի ուշանա: Իմ ամենասիրած ասույթներից մեկն է. «Ցանկանալ` նշանակում է կարողանալ»: Ու կյանքիս ճանապարհին մեկ անգամ չէ, որ սեփական փորձով համոզվել եմ դրանում: Բայց խոսքն, իհարկե, ոչ թե պարապ երազելու, այլ իրոք ցանկանալու, ողջ էությամբ, ներքին մղումով ու հնարավորություններով քո նպատակներին տրվելու մասին է: Եվ վերջում ուզում եմ մեր երիտասարդներին խորհուրդ տալ նաև, որ որքան էլ տարված համացանցով ու այլազան հեռուստաալիքներով, օրվա մեջ գոնե փոքրիկ մի բաժին մշտապես ընթերցանությանը հատկացնեն, առհասարակ ժամանցային զվարճություններից բացի, նաև հոգևորով ապրելու վարժեցնեն իրենց: Դա’ է ինքն իրենից բարձրանալու, լիարժեք մարդ լինելու, կյանքի գեղեցկությունները տեսնել-զգալու, ապագայում արժանավոր սերունդ դաստիարակելու երաշխիքը:

Բաժին: Կենսագրական | Դիտումներ: 1146 | Ավելացրել է: Charbaxci | Թեգեր: Լևոն Բլբուլյան, Levon Blbulyan | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանությունների թիվը: 0
TRANSLATOR/ПЕРЕВОД
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Հոկտեմբեր 2011  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ-դիզայների համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Ժամանցի աշխարհ
  • Լավագույն կայքեր
  • Խոհանոց
  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    free hit counters