Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
Ծնվել է 1949 թվականի հունիսի 15-ին, Նոր Բայազետ /այժմ Գավառ/ քաղաքում:
Կրթություն
1967 թվականին ավարտել է տեղի N1 միջնակարգ դպրոցը: 1971 թվականին` Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի մեքենայացման ֆակուլտետը:
Աշխատանքային գործունեություն
70-ականներից սկսած զբաղվում է լրագրությամբ և գրականությամբ: Աշխատել է տարբեր խմբագրություններում /շրջանային «Լենինյան դրոշով» թերթ, Հանրապետական ռադիոյի «Երիտասարդություն» ռադիոկայան, «Երկիր», «Երկիր Նաիրի» թերթեր/, 10 տարի վարել է «Ավանգարդի» Գրականության ու արվեստի բաժինը:
Բանաստեղծական, թարգմանական, երգիծական 14 գրքերի հեղինակ է: «Քառյակներ» ժողովածուի համար արժանացել է Հայաստանի գրողների միության Ավետիք Իսահակյանի անվան մրցանակի:
Թարգմանիչ է /1989-90 թթ գրողների միության գործուղումով սովորել է Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտի երկամյա բարձրագույն դասընթացներում/: Նրա թարգմանությամբ են առաջինը հայ ընթերցողին ներկայացվել ռուս այնպիսի նշանավոր բանաստեղծներ, ինչպիսիք են Վլադիսլավ Խոդասևիչը և Վլադիմիր Վիսոցկին: Թարգմանություններ է կատարել նաև Աննա Ախմատովայից, ռուս ժամանակակից մի շարք բանաստեղծներից: Բանաստեղծի թարգմանական վաստակը գնահատվել է Գրողների միությունների միջազգային ընկերակցության ոսկե մեդալով /2004/ և Ռուսաստանի գրողների միության Գրիբոեդովի անվան հուշամեդալով /2009/:
Որպես լրագրող, հրապարակախոս` ճանաչվել է «Հայացք Երևանից» ամսագրի տարվա լավագույն հեղինակ /1999/: 2002 թ-ին հրատարակել է «Ժամանակ և դեմքեր» գիրքը, ուր ի մի են բերված նրա ուշագրավ հարցազրույցները երևելի հայ մտավորականների, արվեստի և գրականության ճանաչված գործիչների հետ:
Շուրջ 200 երգ է ծնվել Լ.Բլբուլյանի խոսքերով: Համագործակցել է այնպիսի նշանավոր երգահանների հետ, ինչպիսիք են Կոնստանտին Օրբելյանը, Ալեքսանդր Աճեմյանը, Տիգրան Մանսուրյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երզնկյանը, Արամ Սաթյանը: Մեկ տասնյակից ավելի երգեր նրան պատվավոր մրցանակներ են բերել հանրապետական ու միութենական տարբեր մրցույթներում: Իր խոսքերով ստեղծված երգերի ընտրանին զետեղել է «Արևոտ անձրև» խտասկավառակում: Իսկ քրոջ` երգահան Ժաննա Բլբուլյանի հետ համատեղ թողարկել են «Հանդիպման տանգո», «Խաչված սրտեր» ալբոմները:
2003-ին տեղի ունեցավ հայկական առաջին փոփ օպերայի` «Լիլիթի» պրեմիերան: Արամ Սաթյանի այս ստեղծագործության մեջ հնչող երգերը ևս գրված են Լ. Բլբուլյանի խոսքերով:
Գրողի ստեղծագործության կարևոր մասն են կազմում ծննդավայրի` Գավառի զվարճապատումները, որ նա խնամքով հավաքել, մշակել և հրատարակել է երեք գրքերով: «Բոյիդ մեռնեմ» խորագիրը կրող այդ գրքույկների, իր հայտնի «արաղապատումների» մամուլում տպագրված շարքերի համար դարձել է «Ոզնի» երգիծաթերթի կրկնակի դափնեկիր /1996, 2007/: 2011թ.-ին լույս տեսավ գրքույկների ամբողջական տարբերակը:
2009 թ. Լ. Բլբուլյանի ստեղծագործական ձեռքբերումները գնահատվել են Հայաստանի Մշակույթի նախարարության ոսկե, Գրողների միության «Վաստակի համար» մեդալներով: Լ.Բլբուլյանը Հայաստանի Գրողների և Լրագրողների միությունների անդամ է, 2001 թվականից Գրողների միության պոեզիայի բաժանմունքի համանախագահը:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու զավակ` որդի և դուստր: